ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմատներս այստեղ են, Տերյանի մեջ

Արմատներս այստեղ են, Տերյանի մեջ
27.03.2023 | 09:53

Սեղանի վրա մի տետր կար, որից Չարենցը Պետհրատի փոքրիկ բլանկների վրա ոտանավորներ էր արտագրում: Հարցրի, թե ինչ է անում և չե՞մ կարող օգնել իրեն:

- Չէ՛:
Քիչ հետո գլուխը բարձրացրեց:
- Տերյան սիրում ե՞ս:
Չսպասեց պատասխանիս:
- Ինչպե՜ս կարելի է չսիրել, - ապա մատնանշեց իր արտագրությունը: - Տերյան է սիրելի՛ս, Տերյան: ՈՒզում եմ մի լավ հատոր պատրաստել: Սրանք նրա անտիպ ստիխներից են, չմշակված, մեծ մասամբ սևագրություն: Բայց տես ինչպե՜ս է գրել:
Կարդաց հորը նվիրված ոտանավորը:
Վեր կացավ, պահարանից հանեց Մակինցյանի հրատարակած Տերյանը:
- Այս է իսկական Տերյանը:
Ձեռքին երրորդ հատորն էր:
- Տերյանը սա է, որ չգիտեն, դժբախտաբար: Այստեղ է նրա իսկական հմայքը:
ՈՒ թեև հատորը ձեռքին անգիր ասաց «Տեսա երազ մի վառ…» բանաստեղծությունը:
- Սա գիտե՞ս ինչ է, մինիատյուր, իսկական մինիատյուր: Հազվագյուտ խտացում: Մտքի, երևակայության այս աներևակայելի թռիչքը միշտ էլ ինձ հիացրել է:
Մի փոքրիկ լռությունից հետո մի երկու ոտանավոր էլ կարդաց, սկզբում «Դու հպարտ չես իմ հայրենիք», իսկ հետո՝ «Մշուշի միջից տեսիլ դյութական»:
- Ո՞վ է իր երկրի մասին այսպես գրել: Ոչ ոք: Հա՛, գուցե մեկ էլ Թումանյանը: Մնացածը պրիմիտիվ է, հասարակ, ամեն ինչ ուղղակի է ասված, «лобовой» ասես քարոզ լինի, միտինգում ասված ճառ: Սեր՝ զգում ես, որ կա, բայց արտահայտություն չկա, վառված սիրտ, այո՛, կա, բայց պատկերը գտնված չի: Ա՛յ, Տերյանն ուրիշ է: Լսի՛ր:
Չշլացա խնդուն փառքիդ
Անցյալ ու հին փառքով երբեք.-
Սիրեցի հեզ, անքեն հոգիդ,
Եվ երգերդ մեղմ ու բեկ-բեկ,
Խեղճությունդ խավար ու լուռ,
Աղոթքներդ դառն ու ցավոտ,
Զանգակներիդ զանգը տխուր՝
Եվ խուղերիդ լույսերն աղոտ…
Լռեց ու ինձ նայեց: Ես ասացի.
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ծիծաղեց:
- Այո՛, այո՛, այդպես է: Արմատներս այստեղ են, Տերյանի մեջ: Եվ միայն ի՞մը, արդյոք: Շատերն են նրանից գալիս: Եվ ուրիշ ի՞նչպես: Տերյանը բարձր տեսակ է, իսկական փղոսկր: Կրկնել չի կարելի: Ելակետ է, բայց ճանապարհն ինքդ պիտի անցնես…
Ռուբեն ԶԱՐՅԱՆ, «Հուշապատում»

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5657

Մեկնաբանություններ